Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Սիրիայի բաժանման ժամանակը գալիս է

Սիրիայի բաժանման ժամանակը գալիս է
11.03.2016 | 13:02

Գուցե հիմա գործում է ժամանակավոր հրադադարը, բայց պետք չէ ամպերում ճախրել: Պատերազմը Սիրիայում դանդաղ, բայց շարունակվում է՝ գրում է ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի պաշտոնաթող ծովակալ, ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր հրամանատար Ջեյմս Ստավրիդիսը Foreign Policy-ում: Առավել ակնհայտ է դառնում, որ Սիրիան իբրև պետություն վերածվում է ֆիկցիայի, երկիրը մասնատում է քաղաքացիական պատերազմը, նշանակալից տարածքներ կառավարում են տարբեր խաղացողներ, որ ոչ մեկին չեն ենթարկվում և դաժան թշնամանք ունեն ինքնիշխան պետության նկատմամբ: Սիրիան նորից ամբողջությամբ հավաքելու հավանականությունը չափազանց փոքր է: Ժամանակն է մտածել բաժանման մասին: Սիրիայի սահմանները գծվել են անցյալ դարի սկզբին, երբ «Եվրոպայի հիվանդ մարդը»՝ Օսմանյան կայսրությունը, տրոհվեց Առաջին համաշխարհային պատերազմից հետո: Երկրի քաոսի մեջ հայտնվելու պատճառներից մեկն էլ ազգային ու կրոնական սահմաններով բաժանված լինելն է: Որոշ փորձագետներ արդեն արել են պայմանական բաժանումներ: Քարտեզի վրա կարող են հայտնվել ալավիտական տարածքը Դամասկոսի հետ և ծովեզերքը՝ Ասադի ղեկավարությամբ, կենտրոնական հատվածը չափավորական սուննի ղեկավարության տակ և, վերջապես, ամենամեծ դիմադրություն հարուցող քրդական անկլավը արևելքում: Բաժանման սկզբունքը կարող է լինել լիակատար տրոհումից (այդպես վերացավ Հարավսլավիան մարշալ Իոսիպ Բրոզ Տիտոյի մահից հետո) մինչև խարխլված դաշնային համակարգ՝ ինչպես Բոսնիան Դեյտոնի համաձայնագրից հետո, կամ թույլ, բայց ինչ-որ չափով դաշնային մոդելով՝ ինչպես Իրաքը: Պետության մասնատումը բազում մինուսներ ունի՝ խրախուսում է անջատողականությունն ամբողջ աշխարհում, բանակցությունները մեծագույն դժվարություններով են տեղից շարժվում: Հարևանները կարող են դեմ լինել անկլավների ստեղծմանը, որ ձգելու են նրանց ազգային կամ կրոնական փոքրամասնություններին, ինչպես Թուրքիան, որ զգուշանում է քրդական պետությունից: Բաժանման աջակցություն ստանալը դժվար է, որովհետև շատ երկրներում (Իսպանիա, Թուրքիա, ՄԱԿ-ի ԱԽ անդամներ՝ Բրիտանիա, Չինաստան, Ռուսաստան) կան փոքրամասնություններ, որ ուզում են ստանալ իրենց պետությունները: Չնայած մինուսներին՝ պետությունների տրոհումը կարող է արդյունավետ օգտագործվել՝ թշնամացած կողմերին բաժանելու համար: Բաժանումը կարող է պարզ հնարավորություն տալ փախստականներին հեռանալ ճամբարներից կամ խուսափել երկար ու վտանգավոր ճանապարհից դեպի ապաստան պետություն՝ փաստորեն ստեղծելով դժվար պատկերացնելի «անվտանգության գոտիներ», որ դեռ պիտի սահմանի միջազգային հանրությունը:
Ցավոք, անհապաղ բաժանումը Սիրիայի մեծ մասը կզիջեր սուննի էքստրեմիստներին: Այդ պատճառով Ասադը (ռուսական հզոր աջակցությամբ) հազիվ թե համաձայնի լիակատար բաժանման: Առավել հավանական ճանապարհը համադրումն է ԻՊ-ի ոչնչացման և դաշնային համակարգի ստեղծման, որը տեղական ինքնավարության բարձր մակարդակ է երաշխավորում: Իբրև միջոցառումների փաթեթ բանակցություններում ներկայացված այդ հայեցակարգը կարող է մեռյալ կետից շարժել իրավիճակը, ինչպես այդօրինակ գաղափարները Բոսնիայում 20 տարի առաջ թույլ տվեցին Դեյտոնի համաձայնագիրը կնքել:
Ջեյմս ՍՏԱՎՐԻԴԻՍ, Foreign Policy


Հ.Գ. Ահա և ձեզ Սիրիայի բաժանման ամերիկյան տարբերակը, իսկ ի՞նչ են մտածում ռուսները: Դեռ անցած սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում ՌԴ և ԱՄՆ նախագահների հանդիպման ժամանակ Սիրիայի բաժանման ռուսական տարբերակը եղել է, այլ հարց է՝ քննարկվե՞լ է, թե ոչ: Սիրիայում օդային հարվածներ հասցնելու առաջին իսկ օրերից երևաց, որ ռուսները տարբերություն չեն դնում ԻՊ-ի և Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ընդդիմության միջև, ասպարեզ նետվեց նաև բանաձև, որ հրացանավոր մարդը ահաբեկիչ է: ՌԴ նախագահի տարեկան ասուլիսում բարձրաձայնվեց նաև Սիրիայի տարածքում ՌԴ ռազմաբազայի հարցը, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ռուսաստանին պետք չէ ռազմաբազա կառուցել, երբ մի քանի օրում ցանկացած վայրում կարող է հավաքել շարժական ու շատ մարտական ռազմաբազա: Դա, իհարկե, քարոզչական մանևր էր: Ռուսաստանին պետք է Լաթաքիան՝ ելքով դեպի Միջերկրական ծով: Ասադին պետք է՝ հնարավորինս մեծ տարածքում հաստատել Դամասկոսի իշխանությունը: Ի՞նչ արդյունք կունենան Սիրիայի խորհրդարանական ընտրությունները, որ նշանակված են ապրիլին, ո՞ր տարածքներում ընտրություններ կկայանան և ովքե՞ր կընտրվեն՝ հարցը կարևոր է Սիրիայի հարցով բանակցությունները շարունակելու համար՝ կարող են փոխվել բանակցողների մեկնակետերը: Ալավիտների ու սուննիների միջև բաժանումից բացի՝ Սիրիան պետք է ազատվի ԻՊ-ի, «Ջեբհատ ան Նուսրայի» ահաբեկիչներից: Առանձին խոսակցության թեմա է Թուրքիայի միջամտությունը և Անկարայի խաղացած դերը: Էրդողանին բոլորովին պետք չէ խաղաղություն Սիրիայում, որովհետև այդ դեպքում կորցնելու է Եվրոպային շանտաժելու հզոր լծակը՝ միգրանտներին: Փախստականների հոսքը կանխելու դիմաց Անկարան ԵՄ-ից ոչ միայն միլիարդավոր եվրոներ է քամում, այլև քաղաքական որոշումներ է պոկում՝ անվիզա այցային ռեժիմ, անդամակցության բանակցությունների արագացում, ժողովրդավարական նորմերի կոպիտ խախտումների առաջ աչք փակել ու վերջապես լոյալություն քրդերի հարցում: Կուլ կտա՞ Եվրոպան թուրքական այդ թունավոր դեղահաբը՝ ժամանակի մեջ կերևա: Ակնհայտ է նաև, որ Թուրքիային բոլոր հարցերում զիջող Գերմանիան դադարել է ԵՄ-ի ֆինանսական-տնտեսական, գաղափարական տեսակետների արտահայտիչը լինելուց: ԵՄ-ն ապստամբում է իր ներսում՝ Գերմանիայի դեմ, իսկ Գերմանիան՝ իր կանցլերի դեմ: ՈՒ այնպես չէ, որ Սիրիայի բաժանումը վերաբերում է միայն Սիրիային:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1525

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ